ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

«Մրցանակը չի լեգիտիմացնում իշխանությանը»

«Մրցանակը չի լեգիտիմացնում իշխանությանը»
01.06.2013 | 00:02

Այս օրերին Վենետիկում մեկնարկել է 55-րդ Բիենալեն, որին մասնակցում են նաև Հայաստանի ու Ադրբեջանի արվեստագետները:
Ժամանակակից արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստի քննադատ ՆԱԶԱՐԵԹ ԿԱՐՈՅԱՆԸ irates.am-ի հետ զրույցում ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Վենետիկում Ադրբեջանի տաղավարի համադրողը «Հեյդար Ալիև» հիմնադրամն է, իսկ Հայաստանի տաղավարի համադրողը՝ ՀՀ մշակույթի նախարարությունը: Նազարեթ Կարոյանը մասնակցել է Վենետիկի նախորդ Բիենալեներին և ականատես է եղել, թե Ադրբեջանն ինչպիսի պատրաստվածությամբ է ներկայացնում իր ժամանակակից արվեստը՝ ի տարբերություն Հայաստանի:
Արվեստի քննադատի կարծիքով՝ ժամանակակից արվեստը Հայաստանում զարգացնելու և դրսում ներկայացնելու համար պետք է լուրջ ներդրումներ անել:

-Պարոն Կարոյան, երկու տարի առաջ Հայաստան ժամանած մի գերմանացի պրոֆեսոր կարծիք հայտնեց, թե Հայաստանը քայլ առ քայլ փորձում է ձերբազատվել խորհրդային իրականության թողած ժառանգությունից: Տեսնու՞մ եք այդ միտումը:
-Ինչ-որ առումով համաձայն եմ, և դա էլ ինչ-որ առումով բնական ընթացք է: Գնալով նվազում է այն մարդկանց քանակը, ովքեր մեծացել, կրթվել, դաստիարակվել, որպես անհատ ձևավորվել են Խորհրդային Միությունում: Ընդհանրապես, անկախություն նվաճելուց հետո, կորցրեցինք Խորհրդային Միության ձեռքբերումները, պահպանեցինք միայն թերությունները, վատ կողմերը: Այդ վատ կողմերին էլ վերագրեցինք ազգային հատկանիշ, ազգային որակ: Եվ դա է պատճառը, որ չենք կարողանում հեշտությամբ ձերբազատվել այդ վատ կողմերից: Իրականում կա ազգայինի մասին շեղված պատկերացում, մի պատկերացում, որը ձևավորվել է խորհրդային շրջանում: Շեղումներից մեկն էլ այն է, որ թույլ չի տալիս ձևավորել հաստատություններ: Հիշում ենք՝ Խորհրդային Միության փլուզման պատճառներից մեկն էլ ահռելի կոռուպցիան էր և պետական գանձարանի թալանը: Եվ այն պատկերացումը, որ ցանկացած ինստիտուտ կեղծիքի արտադրման և կեղծիքի հաստատման կառույց է, շարունակում է պահպանվել: Իսկ շարունակում է պահպանվել, քանի որ մենք չենք կարողանում ստեղծել նոր ինստիտուտներ: Սրանց կողքին պահպանվում են ինստիտուտներ, որոնք գալիս են նախախորհրդային շրջանից, պատմական-մշակութային երկարատև ժամանակներում ձևավորված:
Եկեղեցին ու ընտանիքն այն ինստիտուտներն են, որոնք իրենց բնույթով չեն կարող կեղծ արժեքներ ունենալ և արտադրել: Մենք հավատում ենք այդ ինստիտուտներին, քանի որ մնացած բոլոր ինստիտուտները կառուցվում են կեղծիքի վրա: Դրա համար էլ, երբ հայտնվում ենք այլ ինստիտուտներում՝ պետական մարմիններ, կազմակերպություններ, դրանք փորձում ենք հարմարեցնել և օգտագործել իբրև մասնավոր կառույցներ:
-Իսկ ի՞նչ է, ըստ Ձեզ, եկեղեցաշինությունը հանրային պատկերացումներում:
-Եկեղեցաշինությունը գալիս է փոխհատուցելու նոր կառույցներ ստեղծելու մեր անկարողությունը: Կառույց՝ ոչ միայն ճարտարապետական, այլև՝ հասարակական իմաստով: Եթե դու կառուցում ես նոր եկեղեցի, ապա ցույց ես տալիս, որ նոր կառույց ես ստեղծում: Իսկ մենք եկեղեցի կառուցում ենք՝ առանց հավատ ունենալու այդ հաստատության դերի ու նշանակության նկատմամբ:
-Ի՞նչ դեր է խաղում ժամանակակից արվեստը Հայաստանում:
-Իրականում ժամանակակից արվեստը գնալով ավելի է մարգինալանում և դուրս մղվում հասարակական, քաղաքական, մշակութային դաշտից: Իրականում քաղաքական դաշտը՝ կապ չունի՝ իշխանամետ, թե ընդդիմադիր, կառուցված է նույն արժեքների վրա, և չկան շրջանակներ, որոնք փորձում են ձևավորել այլ արժեքներ: Ժամանակակից արվեստն ունի այդ արժեքները, բայց քանի որ մեր իրականության մեջ քաղաքականությունն է որոշիչ, այդ իսկ պատճառով էլ գործունեության մյուս ասպարեզները գնալով ավելի ու ավելի են դուրս մղվում, դեր և նշանակություն չեն ունենում: Իսկ հասարակական կյանքը կազմակերպող կրթության, մշակույթի օղակները դուրս են մղվում, որովհետև քաղաքական կազմակերպությունների ձայնն է հնչում, նրանց ձայնն է լսելի: Հատկապես իշխանության քաղաքականությունն է լուսաբանվում՝ անկախ այն բանից՝ դրվատու՞մ են, թե՞ քննադատում նրան:
-Բոլոր ժամանակներում էլ գտնվում են արվեստագետներ, որոնք ապահովում են իշխող դասակարգի լեգիտիմությունը: Դիմադրող արվեստագետը, որպես հակակշիռ, ի՞նչ կարող է անել մեր իրականության մեջ:
-Մշակույթը և արվեստը պետք է արտադրվի ամեն մի պահի: Ես չեմ կարող գտնվել մի դիրքում, որտեղ չեմ կարող որևէ բան արտադրել: Այդ դեպքում կդադարեմ գոյություն ունենալուց: Սա է պատճառը, որ արվեստագետները միշտ չէ, որ կարողանում են մնալ ընդդիմադիր դիրքերում՝ քաղաքական տեսանկյունից:
-Համենայնդեպս, եթե արվեստագետը մրցանակ կամ շքանշան է ստանում, կորցնում է իր ազատությունը:
-Եթե քաղաքական ընդդիմությունը հնարավորություն ունենար մրցանակներ շնորհելու և արվեստագետներն էլ ընդունեին այդ մրցանակները, կարծում եմ, տեղի կունենար նույն քաղաքական լեգիտիմացիան: Մեծ հաշվով, քաղաքական իրականության մեջ (կապ չունի՝ այդ իրականությունն արտադրվում է իշխանության կողմից, թե ընդդիմության) արժեքային համակարգը նույնն է: Այլ արժեքներ արտադրելը, այլ արժեքներ ստեղծելը արվեստագետի համար փորձություն է: Այդ իմաստով նա կարող է ընդդիմադիր լինել իշխանությանը, ընդդիմադիր լինել ընդդիմությանը, եթե իր արժեքային պատկերացումները չեն համընկնում իշխող մտայնություններին:
Մեծ հաշվով՝ լեգիտիմացում տեղի չի ունենում, եթե արվեստագետն ընդունում է որևիցե մրցանակ կամ շքանշան: Ինչո՞ւ արվեստագետը չի կարող այդ կերպ լեգիտիմացնել իշխանությանը: Այդ մրցանակները, կոչումներն ինքնին արժեզրկված են, ոչինչ չեն նշանակում: Օրինակ, ի՞նչ է նշանակում Հայաստանի ժողովրդական նկարիչ կամ դերասան, կամ վաստակավոր նկարիչ կամ դերասան: Նա, ով ստանում է այդ կոչումները, դրանով վաստակավոր չի դառնում: Իսկ այդ կոչումները մերժելն էլ, չէի ասի, թե մեծ հերոսական արարք է, այլ ընդամենը սթափ դատողության արդյունք: Պետք չէ կրել մի բան, որը քեզ չի զարդարում: Պարզապես պետք է հասկանալ, որ այն ինստիտուտները, որոնք մենք ունենք, և այն արժեքները, որոնք արտադրվում են, կեղծ են:
Իրականում տեղի են ունենում փոփոխություններ: ՀՀ նախագահի վերջին ընտրությունների ժամանակ ձևավորվեց հասարակական, քաղաքական անսովոր մթնոլորտ, որը հիմնված էր բարության վրա, որը սահմաններ չի ճանաչում, հանում է բոլոր սահմանները քաղաքական ուժերի, տարբեր խմբավորումների միջև, մերի և հակառակորդի միջև: Սա, կարծում եմ, փոխեց ընդհանուր մտայնությունը: Այլ հարց է, որ նրանք, ովքեր ցանկանում են արագ փոփոխություններ, պարզապես հիասթափվեցին այս ընթացքում: Շատ մեծ է մարդկանց այն զանգվածը, որը ձգտում է հասնել արագ փոփոխությունների:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2104

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ